Ինքնաճանաչում

 

229596

Կյանքի ընթացքում մենք զարգացնում ենք մեր գիտելիքները և հմտությունները: Ազնիվ եղեք ինքներդ Ձեզ հետ, գնահատեք ինքներդ Ձեզ, ճշտեք` ինչ հմտություններ և փորձ ունեք, ինչ եք ձեռք բերել ուսումնառության ընթացքում, նախկին աշխատավայրերում կամ պարզապես ինքնազարգացման ճանապարհով:
Անդրադարձեք նաև Ձեր նախասիրություններին, արժեհամակարգին: Դա կօգնի Ձեզ գտնել այնպիսի աշխատանք, որը կդառնա ոչ միայն եկամտի աղբյուր, այլ ինքնահաստատման միջոց: Հմտություններն այն ամենն են, ինչի միջոցով Դուք կատարում եք Ձեր աշխատանքը, Ձեր առջև դրված առաջադրանքները, լուծում տարբեր խնդիրներ: Ձեր հմտությունները վերլուծելիս մի մտածեք միայն Ձեր զբաղեցրած պաշտոնների մասին, այլ այն ամենի` ինչ կատարել եք այդ աշխատանքի շրջանակներում: Դիտարկեք սեփական հմտությունները, նաև այն հմտությունները, որոնք չունեք և կուզենայիք զարգացնել կամ կատարելագործել:
Երբ վերջացնեք, համեմատեք Ձեր ունեցած հմտություներն այն հմտությունների հետ, որոնք պահանջվում են Ձեզ հետաքրքրող աշխատանքի համար: Դա հնարավորություն կտա Ձեզ հասկանալու և պատկերացում կազմելու այն մասին, թե որքանով եք դուք համապատասխանում այդ աշխատանքի համար անհրաժեշտ պահանջներին:
Հմտություններից ու փորձառությունից բացի, աշխատանքի որոնման գործում անչափ կարևոր նշանակություն ունի նաև սեփական “ես”- ի ճիշտ բացահայտումը, այն է ` խառնվածքի որոշումը:
Առանձնացվում է մարդկային խառնվածքի չորս տիպ` խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ:
Խոլերիկը աշխատասեր, ակտիվ, կենսուրախ անձնավորություն է, որը կարող է աշխատել մեծ ոգևորությամբ և ի վիճակի է հաղթահարելու ցանկացած դժվարություն: Նա դյուրագրգիռ է և ձգտում է առաջնորդության: Ճկուն է, կարող է արագ մի գործունեությունից անցնել մյուսին: Շնորհիվ հսկայական ներքին ուժերի նա ճգնաժամային իրավիճակներում կարող է երկարատև աշխատել: Խոլերիկը նախաձեռնող է, անհամբեր, անհավասարակշիռ, պոռթկուն, երբեմն էլ ագրեսիվ: Նրանց շատ բնորոշ է փոփոխականությունը, շատ արագ մի ծայրահեղությունից անցումը մյուսին: Ուրախությունը շատ արագ կարող է փոխվել թախծի, երբեմն ծայրահեղ շատախոս է, երբեմն էլ կարող է ժամերով լռել:
Խոլերիկը սիրում է այնպիսի աշխատանք, որը պահանջում է մարդկային շփումներ: Սակայն նա ի վիճակի չէ կատարելու մանրակրկիտ և համբերություն պահանջող աշխատանք: Հաճախ առաջ է ընկնում իրադարձություններից աշխատելով, որքան հնարավոր է արագ հասնել պահանջվող արդյունքին:
Խոլերիկի հետ աշխատելիս առաջարկվում է լինել ճշտապահ, խուսափել կտրուկ վարվելաձևից, չվիրավորել նրա ինքնասիրությունը, չհանձնարարել միապաղաղ աշխատանք: Պատասխանատու իրավիճակներում հաճախ ընկճվում է, անհաջողությունները կարող են նրան հեշտությամբ վրդովվեցնել: Սակայն խոլերիկը մեծ կենսունակություն ունի և կարող է երկարատև աշխատել:
Սանգվինիկը կենսուրախ և նոր միջավայրում հեշտությամբ հարմարվող անձնավորություն է: Կարողանում է կառավարել իր հույզերը և թեթևությամբ է ընդունում անհաջողությունները, անախորժությունները: Ճգնաժամային իրավիճակներում նպատակաուղղված է, ճարպիկ և դիմացկուն: Հաճախ է նոր գաղափարներ առաջարկում և համառորեն իրագործում դրանք: Բավական բարեհոգի է և ուրիշներին օգնելու պատրաստակամություն ունի: Եթե աշխատանքը նրան չի հրապուրում, նա դառնում է պասիվ:
Սանգվինիկի առավելությունները երբեմն կարող են նրան ծայրահեղության հասցնել. առաջնորդության ձգտումը կարող է վերածվել հոգեբանորեն թույլ մարդկանց իրեն ենթարկելու բուռն ցանկության: Սանգվինիկներին առաջարկվում է բարձր ակտիվություն պահանջող աշխատանք: Նրանց համապատասխանում է հատկապես կառավարչական աշխատանքը, քանի որ նրանք ունեն ղեկավարին բնորոշ ունակություններ:
Ֆլեգմատիկը հանդարտ, խաղաղասեր, դանդաղաշարժ, հետևողական, համբերատար անձնավորություն է: Ցանկացած գործ նախաձեռնելիս մտածում է հնարավոր բացասական հետևանքների և բարդությունների մասին, որոնցում դրանք հաղթահարելու ուղիները: Նա շատ խելացի է և հեռատես, պատրաստ է դիմակայելու անհաջողություններին: Նրա ինքնավստահությունը հիմնված է գիտելիքների և հմտությունների վրա: Ֆլեգմատիկը շատ բարեխիղճ աշխատող է, պատրաստ է ներդնել մեծ ջանքեր և կատարել եռանդ պահանջող աշխատանք: Նա հաճույքով է կատարում բարդ աշխատանքային հանձնարարությունները: Սակայն ֆլեգմատիկը դանդաղ է կողմնորոշվում, դժվարությամբ է որոշումներ կայացնում, հաճախ տատանվում է: Նրան բնորոշ է ինքնամփոփությունը: Դրական ուղղվածության դեպքում ֆլեգմատիկների մեջ կարող են ձևավորվել հաստատակամություն, գործարարություն, հեռատեսություն: Անհետևողականության դրսևորման դեպքում նրանցում կարող են ձևավորվել այնպիսի բացասական գծեր, ինչպիսիք են ալարկոտությունը, իներտությունը, պասիվությունը: Ֆլեգմատիկներին խորհուրդ է տրվում կատարել բարդ և համբերատար աշխատանք:
Մելանխոլիկը զգայուն, կարեկցող, աջակցող, չափից դուրս տպավորվող անձնավորություն է՝ պատրաստ միշտ աջակցելու ուրիշներին: Նա ամաչկոտ է, անվճռական, չի սիրում պայքարել անհաջողությունների հաղթահարման համար: Մելանխոլիկը շուտ է վիրավորվում և հաճախ է ընկնում դեպրեսիաների մեջ: Կյանքում առաջացող փոփոխությունները նրան վախեցնում են: Նա դժվարանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, շփվող չէ և ուշ է հարմարվում նոր միջավայրին: Նա կարող է գերազանց աշխատել, եթե անհրաժեշտ աշխատանքային պայմաններ են ստեղծվում, հանձնարարությունները պարզ են, իսկ կատարված աշխատանքը գնահատվում և խրախուսվում են: Մելանխոլիկների մոտ լավ զարգացած են պատկերային մտածողությունը և երևակայությունը, որի շնորհիվ մելանխոլիկները կարող են դառնալ լավ արվեստագետներ, դիզայներներ, գովազդային գործակալության աշխատողներ և այլն: Սակայն նա դժվարությամբ է սովորում և արագ մոռանում է ձեռք բերած գիտելիքները: Խորհուրդ չի տրվում մելանխոլիկներին առաջարկել կառավարչական աշխատանք, քանի որ նրանք ինքնամփոփ են և դժվարանում են շփվել մարդկանց հետ: Մելանխոլիկը պասիվ է, շուտ վիրավորվող, ուստի ցանկալի է նրան առաջարկել միակերպ աշխատանք, նրա նկատմամբ լինել բարեհոգի, հաճախակի խրախուսել և աջակցել:
Վերը թվարկած խառնվածքներից յուրաքանչյուրն ունի իր և դրական, և բացասական կողմերը, այնպես որ պնդել, թե որ խառնվածքն է լավ և որը՝ վատ, ճիշտ չէ:
Հաճախ հնարավոր է, որ այս չորս տիպերը ի հայտ գան միաժամանակ, դրանցից մեկը կարող է արտահայտվել ավելի ուժեղ, իսկ մյուսները թույլ ձևով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բացահայտել ոչ թե խառնվածքը, այլ դրա կառուցվածքը, և այն, թե դրանցից որն է առաջնային:

Խառնվածքը բացահայտող թեստ

Հաջողության բանաձևը