Ինչպես դիմել գործատուին

 

images (3)

Ինքնակենսագրականը «Գովազդային գործիք» է, որտեղ ուրվագծվում են Ձեր հմտությունները և փորձը, որոնց միջոցով գործատուն կարող է մեկ հայացքով հասկանալ, թե որքանով կարող եք օգտակար լինել իր ընկերությանը: Ինքնակենսագրականի միջոցով ըստ էության փորձ է արվում ստանալ հարցազրույցի հնարավորություն, սակայն հազվադեպ դեպքերում է, որ ինքնակենսագրականն ինքնին կարող է ապահովել միանգամից աշխատանքի հրավերի առաջարկություն:
Շատերը կարծում են, թե ինքնակենսագրականը պահանջվում է միայն գրասենյակային աշխատանքների համար: Ճիշտ հակառակը, անընդհատ փոփոխությունների ենթարկվող ներկայիս աշխատաշուկայի պայմաններում բոլորը, այդ թվում նաև սևագործ բանվորները, պետք է ունենան այն:

Ինքնակենսագրականի (ռեզյումեի) տեսակներն են.
Ժամանակագրական
• Կենտրոնացված է աշխատանքային ստաժի վրա` սկսելով ամենավերջին աշխատանքից
• Գործատուների համար հեշտ է լինում տեսնել Ձեր աշխատանքային կենսագրությունը և կարիերայի առաջընթացը:
Ֆունկցիոնալ
• Կենտրոնացված է փորձի, հմտությունների վրա, որոնք խմբավորվում են ըստ գործառույթների
• Հաճախ օգտագործվում է ոլորտը փոխելու կամ աշխատանքային ստաժի ընդհատումների դեպքում:
Համակցված
• Ժամանակագրական և ֆունկցիոնալ ռեզյումեների ձևաչափերի համակցում
• Ընդգծում է հմտությունները և ապահովում աշխատանքային ստաժի ժամանակագրությունը, ինչը նախընտրելի է որոշ գործատուների համար:
Նպատակային
• Հարմարեցվում է կոնկրետ աշխատատեղի պահանջներին
• Գրվում է հատուկ գործատուի պահանջներին համապատասխան
• Աշխատանքի նպատակի ձևակերպումը կարևոր է և պետք է կոնկրետ առնչություն ունենա թափուր աշխատատեղի հետ:
Ինքնակենսագրական կազմելու ուղեցույց

1. Ձեր ինքնակենսագրականը գրեք այնպես, որ գործատուին ցույց տաք հետևյալը.

• նախկինում ունեցած ձեր պարտականությունների ծավալը և տեսակը,
• այն արդյունքները, որոնց հասել եք,
• ձեր նախկին պարտականությունների և նվաճումների առնչությունը տվյալ գործին:

2. Թվարկեք ձեր նվաճումները (կատարած և ավարտին հասցրած աշխատանքը) և այն, թե ինչպես եք լուծում խնդիրները, այլ ոչ թե պարզապես պարտականությունները: Այլ կերպ ասած, բացատրեք, թե ինչպես եք բարձրացրել գործառնությունների արդյունավետությունը, ինչքան գումար եք աշխատել, ձեր ծառայություններից կամ ապրանքներից օգտված մարդկանց քանակը և այլն: Այս ամենը գրեք այնպիսի արտահայտություններով, որոնք նշում են խնդիրը, ընդգծում լուծումը և նկարագրում արդյունքները:

3. Հնարավորության դեպքում օգտագործեք վիճակագրական տվյալներ կամ թվեր, որպեսզի ցույց տաք Ձեր կատարածի արդյունքները (օրինակ` կազմակերպության չափը, ձեր ղեկավարությամբ աշխատող մարդկանց քանակը, Ձեր ենթակայությամբ նրանց աշխատելու ժամանակահատվածը, բյուջեի չափը, կուտակած (աշխատած) գումարի չափը և այլն):

4. Ինքներդ գրեք ձեր ինքնակենսագրականը: Որքան կարող եք շատ խորհուրդներ հարցրեք, բայց քանի որ դուք մենակ եք լինելու հարցազրույցի ժամանակ, ապա ամենալավ հեղինակը կարող եք լինել միայն դուք: Եթե որևէ մեկը Ձեզ օգնում է ինքնակենսագրական գրելիս, ապա սերտորեն աշխատեք նրա հետ, որպեսզի համոզվեք, որ ինքնակենսագրականը արտահայտում է Ձեր անհատականությունն ու փորձը:

5. Հետևեք, որ ինքնակենսագրականը լինի հակիրճ, հստակ և հեշտ կարդացվող: Ձեր ասելիքն արտահայտելու համար օգտագործեք նվազագույն քանակով բառեր: Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր ամեն մի բառը:

6. Աշխատանքի և նվաճումների նկարագրություններում եղեք կոնկրետ, որևէ բան մի թողեք կարդացողի երևակայությանը:

7. Հանգամանորեն ընտրեք ընդգրկվող տեղեկությունները: Ընտրեք միայն այն տեղեկությունները, որոնք առնչվում են ձեր հավակնած աշխատանքին:

8. Ընդգրկեք այն կամավորական փորձը, որն առչվում է Ձեր հավակնած աշխատատեղին: Բացի դրանից, ընդգրկեք նաև տեղեկություններ ճանապարհորդությունների (գործուղումների), լեզուների, նախասիրությունների, վկայականների մասին, եթե դրանք ինչ-ոչ կերպ կապված են ձեր նախընտրած աշխատանքի հետ:

9. Համադրեք Ձեր ինքնակենսագրականի (ռեզյումեի) ոճը ընկերության ոճին: Խուսափեք թեթև տեսք հաղորդելուց, որը առաջարկում են ռեզյումեներ գրող շատ ծառայություններ: Տպեք ռեզյումեն ու կից նամակը բարձրակարգ, փաստաթղթերի համար նախատեսված, նմանատիպ ու նույն գույնի՝ սպիտակ կամ ոսկրագույն, թղթի վրա: Օգտագործեք ստանդարտ տառատեսակներ և սև թանաք:

10. Ցուցաբերեք ստեղծագործական մոտեցում, սակայն միշտ մնացեք պրոֆեսիոնալ:

11. Պահպանեք ձեր ինքնակենսագրականի էլեկտրոնային տարբերակը, որպեսզի հետագայում կարողանաք հեշտությամբ փոփոխություններ կատարել:

12. Արտահայտիչ կերպով նկարագրեք Ձեր աշխատանքային փորձը, սակայն միշտ ազնիվ եղեք: Երբեք մի գերագնահատեք կամ թերագնահատեք Ձեզ:

13. Կազմեք ինքնակենսագրականի մի քանի նախագծեր, այնուհետև հղկեք այն՝ թողնելով միայն ամենակարևոր տեղեկատվությունը և տպելուց առաջ ներկայացրեք բանիմաց մեկին՝ իմանալու համար նաև նրա կարծիքը: Հնարավոր է, որ Ձեզ անհրաժեշտ լինի կազմել մի քանի տարբեր ինքնակենսագրականներ՝ համապատասխանեցնելով դրանք կոնկրետ աշխատատեղերին:

14. Միշտ ինքնակենսագրականի հետ ուղարկեք ուղեկից նամակ:

15. Ռեզյումեում մի նշեք աշխատավարձի մասին:

16. Ձեր մասին գրելիս ամեն ինչ ներկայացրեք դրական լույսի ներքո. շեշտեք ձեր ուժեղ, այլ ոչ թե թույլ կողմերը:

17. Հետադարձ կապի միջոցով ձեր ընկերներից, բարեկամներից և հարցազրույց անցկացնողներից տեղեկացեք, թե ինչպիսի տպավորություն է թողնում ձեր ինքնակենսագրականը և անհրաժեշտության դեպքում կատարեք համապատասխան փոփոխություններ:

18. Ձեր ինքնակենսագրականը չպետք է գերազանցի երկու էջը: Սովորաբար մեկ էջը լրիվ բավարար է, հատկապես եթե ձեր աշխատանքային փորձը  սահմանափակ է:

19. Ինքնակենսագրականում ընդգրկեք նաև «Հատուկ հմտություններ» բաժինը, որտեղ նշեք այն լեզուները, որոնցով կարող եք խոսել, կարդալ կամ գրել,  համակարգչային այն տեխնիկան և ծրագրերը, որոնցով կարող եք աշխատել, և այն սարքավորումները, որոնք կարող եք գործարկել, պատրաստել կամ վերանորոգել:

20. Նշեք ձեր ստացած վկայագրերի մասին (լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ), եթե դրանք առնչվում են ձեր հավակնած աշխատանքին: Դրանք կարող են ընդգրկվել ինչպես հիմնական որակավորումներում, այնպես էլ կրթության և ուսուցման բաժիններում:

21. Ձեր ինքնակենսագրականում հարկ չկա ներառել հետևյալ տեղեկությունները.
• ամուսնական կարգավիճակը,
• երեխաների անունները, տարիքը և քանակը,
• ամուսնու (կնոջ) աշխատանքը,
• ձեր տարիքը,
• ռասան,
• ձեր լուսանկարը,
• կրոնական կամ քաղաքական համոզմունքները,
• հասակը և մարմնի քաշը,
• նախկինում կատարած աշխատանքների դիմաց ստացած աշխատավարձը: