Հարցազրույց

job interview

Հարցազրույցը տեղեկություններ փոխանակելու գործընթաց է: Ձեր խնդիրն է ցույց տալ Ձեր հմտությունների, գիտելիքների, փորձի և ընկերության կարիքների համապատասխանությունը: Հարցազրույցը երկկողմանի գործընթաց է: Բոլոր հարցազրույցների նպատակը տվյալ աշխատանքի համար ամենալավ թեկնածուին գտնելն է: Աշխատանքի բնույթից կախված՝ կիրառվում են հարցազրույցներ վարելու հետևյալ եղանակները և մեթոդները.

 • անհատական,
• խմբային,
• հեռախոսային,
• սթրեսային,
• դիտական:

Անհատական հարցազրույց անցկացնողը կարող է լինել Ձեր ղեկավարը: Պետք է կարողանաք ճիշտ կերպով ներկայացնել Ձեր հմտությունները, աշխատանքային փորձը և հիմնավորել դրանց առնչությունը հավակնած աշխատանքի պահանջների հետ: Ձեզ կտրամադրվի նաև հարցեր տալու հնարավորություն:
Խմբային հարցազրույցի մեթոդը հաճախ կիրառվում է պետական գործակալություններում և ընկերություններում: Սովորաբար հարցազրույցն անցկացնող հանձնաժողովում լինում են երեք կամ ավելի մարդիկ, և բոլոր թեկնածուներին տալիս են նույն հարցերը: Գործընթացը կարող է բավականին լարված լինել, քանի որ պետք է պատասխանեք տարբեր մարդկանց կողմից տրվող հարցերին: Հարցերին պատասխանելիս կարևոր է այն մարդու աչքերին նայելը, ով տվել է հարցը:

Հեռախոսային հարցազրույցի դեպքում աշխատանքի ընդունող ղեկավարը կամ հանձնաժողովը դիմորդի հետ հեռախոսով հարցազրույց է անցկացնում, որը թեկնածուների նախնական ընտրության մի միջոց է: Հեռախոսային հարցազրույցներն օգտագործվում են թեկնածուների միջև զանգվածի միջից առաջին փուլի ընտրություն անցկացնելու նպատակով: Եթե թեկնածուն հետաքրքրում է գործատուին, ապա պայմանավորվածություն է ձեռք բերվում դեմ առ դեմ հետագա հանդիպման և հարցազրույցի վերաբերյալ:

Սթրեսային հարցազրույցներն ավելի հաճախ կիրառվում են իրավապահ մարմինների կողմից, թեկնածուներին գնահատելու նպատակով: Հարցրազրույցը վարողի գործը Ձեզ վախեցնելը կամ շփոթեցնելն է: Այս ճանապարհով ցանկանում են պարզել, թե ինչպես եք գործում սթրեսային իրավիճակում: Այս տակտիկայի կիրառման տրամաբանական հիմնավորումն այն է, որ եթե Դուք ի վիճակի չեք կամ չեք ցանկանում կարգավորել և վերահսկել սթրեսի գործոնով պայմանավորված հանգամանքները, ապա դժվար թե կարողանաք ինքնատիրապետում և հավասարակշռվածություն ցուցաբերել իրական սթրեսի պայմաններում: Կարևոր է խուճապի չմատնվել, այլ մնալ հանգիստ և տալ պատշաճ պատասխաններ:

Դիտական հարցազրույցների ընթացքում թեկնածուն պետք է ցուցադրի իր՝ տվյալ աշխատանքի համար պահանջվող հմտությունները կիրառելու կարողությունը, օրինակ` թեկանածուին կարող են խնդրել, որ ցուցադրի հրապարակայնորեն խոսելու, հեռախոսազանգերին պատասխանելու կամ աշխատանքի հետ կապված որևէ սարքավորում շահագործելու իր կարողությունը:

Որոշ ընկերություններում հարցազրուցի շրջանակներում դիմորդներին առաջարկում են նաև աշխատանքային թեսթեր, որոնց օգնությամբ հստակեցվում են անձի ունակությունները, հիմնական կարողությունները կամ մանրամասների վրա ուշադրություն դարձնելու հմտությունը և այլն: Թեսթերը գործատուին օգնում են պարզել, թե որքանով է հարցազրույցի մասնակիցը համապատասխանում ընկերության և հատկապես աշխատանքին ներկայացվող պահանջներին:

Հետևեք այս խորհուրդներին և հաջողությամբ կանցնեք աշխատանքային թեսթը`

1. Ուշադրությամբ կարդացեք և /կամ լսեք ցուցումները:

2. Թեսթին լուրջ վերաբերվեք:
3. Աշխատեք չլարվել թեսթի ժամանակ:
4. Սկսելուց առաջ ծանոթացեք ողջ թեսթին, որպեսզի իմանաք, թե այն ինչին է վերաբերում:
5. Նախքան պատասխանելը՝ ուշադիր և ամբողջությամբ կարդացեք յուրաքանչյուր հարցը:

Հարցրեք, թե նախատեսվու՞մ են արդյոք միավորի իջեցում հարցերի պատասխանները գուշակելու կամ կռահելու համար, եթե համոզված չեք ճիշտ պատասխանի մեջ: Ընդհանրապես, եթե նախատեսված է միավորի իջեցում, ապա մի գուշակեք, իսկ եթե գուշակում եք, արեք դա գոնե այն դեպքում, երբ ճիշտ պատասխանների հնարավորությունը հասցրել եք երկուսի և պետք է ընտրեք դրանցից մեկը:

7. Եթե թեսթի համար հատկացված ժամանակը սահմանափակ է (շատ դեպքերում այդպես էլ լինում է), հարցրեք, թե ինչի հիման վրա է գնահատվելու թեսթը, որպեսզի իմանաք, թե որն է ավելի կարևոր` ճիշտ պատասխա՞նը, թե՞ ժամանակին վերջացնելը:

8. Պատասխանները գրեք կոկիկ և հստակ: Դուք հազիվ թե դրական գնահատական ստանաք մի բանի համար, ինչը հնարավոր չէ կարդալ:

9. Ժամանակը ճիշտ և մտածված օգտագործեք: Շատ մի հապաղեք և երկար ժամանակ մի կորցրեք մեկ հարցին պատասխանելու վրա: Եթե չգիտեք պատասխանը, բաց թողեք այդ հարցը և անցեք մյուսին:

Հարցազրույցի արվեստը

Աշխատանք գտնելու գործընթացը նման է վաճառքի իրականացման: Ազատվեք նախկինում գերիշխող այն մտքից, որ հարցազրույցի էությունը հարցերին պատասխանելն է: Փոխարենը, դուք էլ զրուցավարին ուղղված հարցեր պատրաստեք` տպավորություն գործելու նպատակով: Հաջողության հասնելու համար յուրացրեք և իրականացրեք հետևյալ քայլերը.

1. Ճանաչեք Ձեր ապրանքը. Դուք և Ձեր գիտելիքները, հմտությունները, ձեռքբերումներն ու հատկանիշներն են, որոնք ներկայացնում եք գործատուին: Համոզվեք, որ Ձեր հաճախորդը` պոտենցիալ գործատուն, ամբողջությամբ արժևորում է Ձեզ:

2. Իմացեք գործատուի կարիքները. դրա համար դուք պետք է ուսումնասիրեք պոտենցիալ գործատուի կազմակերպությունը/ընկերությունը: Տեղեկացեք առկա խնդիրների ու կարիքների և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին:

3. Ապացուցեք, որ կարող եք լուծել վերոնշյալ խնդիրներն ու դժվարությունները:

Ձեր հարցազրույցի հարցերի պատասխանները չափվում են երկու գործոններով` բովանդակությամբ և ոճով:

• Բովանդակություն` տեղեկատվությունը, որը դուք տրամադրում եք, ծառայում է որպես լրացում կամ պարզաբանում է Ձեր որակավորումները: Օգտագործեք այս հնարավորությունը և ներկայացրեք  Ձեր բոլոր դրական կողմերը:

• Ոճ` հիշե՛ք, որ Ձեր մասին տպավորությունը կազմվում է նաև Ձեր վարվելաձևի և պահվածքի հիման վրա: Հարցազրուցավարը Ձեր անձնական հատկանիշների և հմտությունների մասին իր ընկալումները ձևավորում է Ձեր՝ՙՙՙ  <<տեղում մտածելու>> ունակությամբ: Ի մի բերեք Ձեր մտքերը, խոսեք պարզ և վստահ:

Բոլոր հարցազրույցներում ամենակարևորն առաջին տպավորությունն է: Ուսումնասիրությունները վկայում են, որ հարցազրուցավարների մեծ մասն իր որոշումը կայացնում է առաջին մի քանի րոպեների ընթացքում: Սա նշանակում է. ներկայանալ ժամանակին, հագնել պատշաճ հագուստ, ցուցաբերել դրական վարքագիծ` ժպիտ, վստահ պահվածք: Վատ սկիզբն ուղղելը շատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով աշխատեք՝ առաջին տպավորությունը դրական լինի: