Առաջին քայլեր աշխատանք որոնելիս

загруженное

Բոլոր աշխատատեղերի 80%-ը լրացվում է առանց գործատուի կողմից տրված հայտարարության: Այս աշխատատեղերը զբաղեցվում են այն թեկնածուների կողմից կամ հենց ստեղծվում են նրանց համար, ովքեր գործատուի ուշադրության կենտրոնում են հայտնվում աշխատողների առաջարկությունների, վստահելի գործընկերների, կադրերի հավաքագրման գծով մասնագետների կողմից տրված երաշխավորությունների հիման վրա, կամ հենց թեկնածուի հետ անմիջական շփման արդյունքում: 

Օգտակար կապեր և ծանոթություններ հաստատելը և դրանք պահպանելը չհայտարարվող աշխատատեղերի մասին տեղեկանալու ամենագլխավոր միջոցն է, քանի որ հնարավորություն է տալիս կապի մեջ մտնել գործատուի հետ: Անհրաժեշտ է բավականին մեծ փորձառություն չհայտարարվող աշխատատեղերի շուկա ներթափանցելու համար: Շատ հաճախ գործատուների մոտ անհրաժեշտություն է առաջանում շտապ համապատասխան թեկնածու գտնել կոնկրետ աշխատատեղը զբաղեցնելու համար: Նման դեպքերում գործատուները, նախքան թափուր աշխատատեղի մասին հայտարարություն տալը, աչքի են անցկացնում ձեռքի տակ եղած ռեզյումեները կամ հիշում ուղղակի կամ երկրորդ անձի միջոցով իրենց դիմած անձանց: 

Աշխատանքի որոնումների գործընթացում տարբեր մարդկանց ներգրավելը կոչվում է ծանոթությունների ցանցի օգտագործում: Դա նշանակում է անձնական կապերի միջոցով աշխատատեղերի և գործատուների մասին տեղեկատվության ձեռքբերում: Անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսակի աշխատանք եք փնտրում, օգտակար կապեր հաստատելը կօգնի Ձեզ ներթափանցելու չհայտարարվող աշխատատեղերի շուկա:

Ծանոթությունների ցանց

Ծանոթությունների ցանցի ստեղծումը սկսեք` Ձեր ճանաչած բոլոր մարդկանց ցանկը կազմելով: Մի սահմանափակեք ցանկն այն մարդկանցով, ովքեր գիտեն Ձեզ հետաքրքրող աշխատանքի բնույթը: Այս ցանկում թվարկվող մարդիկ Ձեզ հետ առաջնային շփում ունեցող անձինք են: Պարտադիր չէ, որ նրանք լինեն հենց այն մարդիկ, ովքեր ունեն հնարավոր աշխատանքի մասին տեղեկություն. նրանք կարող են լինել նաև մարդիկ, ովքեր ճանաչում են այլ մարդկանց, որոնք տիրապետում են հավանական աշխատանքների, աշխատատեղերի, գործատուների կոնտակտներին և այլ տեղեկատվության:

Ընկերությունների ուսումնասիրություն 

Աշխատանքի որոնումներում կիրառվող ամենակարևոր, սակայն քիչ օգտագործվող գործիքներից մեկը ընկերությունների ուսումնասիրությունն է (նրանց մասին հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելը): Աշխատանք փնտրողներից շատերը կարծում են, որ անչափ դժվար է տեղեկություններ ձեռք բերելը: Ընկերությունն ուսումնասիրելու և նրա մասին բավականաչափ տեղեկություններ ունենալու դեպքում, դիմորդներից շատերի հետ համեմատած, Դուք կունենաք «Լավ դիրքեր», քանի որ շատ քչերն են, որ նախօրոք լրջորեն պատրաստվում են հարցազրույցներին: 

Աշխատանքի որոնման ուղիները

Աշխատանքի որոնման ուղիները բազմազան են, ո՞րն է ավելի արդյունավետ, դժվար է ասել, յուրաքանչյուր առանձին դեպքում կարող է դրանցից որևէ մեկը օգտակար լինել Ձեզ: Աշխատեք օգտվել հնարավորինս շատ աղբյուրներից.

• Համալսարանի կարիերայի կենտրոն
• Արտադրական պրակտիկա (ստաժավորում) 
• Զանգվածային լրատվամիջոցներ
• Ինտերնետ
• Աշխատանքի տեղավորման ոչ պետական գործակալություններ
• Աշխատանքի տոնավաճառներ
• Զբաղվածության պետական ծառայություն
• Փոքր բիզնեսի զարգացման կենտրոններ
• Աշխատանքի մասին զրույցներ ընտանիքի անդամների, ընկերների, ուսուցիչների, հարևանների, դասախոսների և ծանոթների հետ
• Ցուցահանդեսներ
• Վերապատրաստման ծրագրեր
• Կամավորական աշխատանք: