Պատմություն

images-stories-contentpic-karierayikentron-DSC01383-qpr-200x150

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժինը (ԱՏԽԲ) ստեղծվել է 2004թ. մայիսին: Հիմնական նպատակն է այնպիսի մեխանիզմի մշակումն ու կիրառումը, որը ՀԱԱՀ-ի շրջանավարտներին թույլ կտա առավել արդյունավետ կերպով բացահայտել աշխատատեղեր գտնելու հնարավորությունները և աշխատանք գտնել Հայաստանում զարգացող վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսական ձեռնարկություններում:
Այն կապող օղակ է ՀԱԱՀ-ի և հայկական մասնավոր ձեռնարկությունների, Գյուղատնտեսության նախարարության, ագրոբիզնեսի բնագավառում գործատուների և գյուղացիական ասոցիացիաների միջև:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • գյուղատնտեսության ոլորտում աշխատատեղերի հնարավորությունների բացահայտում և դասակարգում,
  • խորհրդատվություն կենսագրական փաստաթղթերի և հարցազրույցների տեխնիկայի վերաբերյալ,
  • ծանոթացում ձեռնարկությունների գործունեության հետ,
  • գործատուների և շրջանավարտների միջև կապերի ստեղծում և հարցազրույցների համակարգում,
  • ՀԱԱՀ-ի տարածքում աշխատանքային տոնավաճառների կազմակերպում,
  • ՀԱԱՀ-ի շրջանավարտների միջև կապերի խրախուսում և ամրապնդում:

    Այժմ ԱՏԽԲ տվյալների բազան ընդգրկում է տեղեկատվություն ավելի քան 2700 ուսանողի և շրջանավարտի վերաբերյալ, որոնց ավելի քան կեսին էլեկտրոնային փոստի միջոցով պարբերաբար ինֆորմացիա է ուղարկվում թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, վերջին 4 տարիների ընթացքում Աշխատանքի տեղավորման կենտրոնը թափուր աշխատատեղերի վերաբերյալ տվել է ավելի քան 3000 հայտարարություն` շրջանավարտների էլփոստի հասցեների ցուցակի և համալսարանում համապատասխան պաստառներ փակցնելու միջոցով:

    ԱՏԽԲ կենտրոնի աշխատակիցները 2004, 2006 և 2009 թ.թ. վերապատրաստվել են ԱՄՆ Տեխասի Ա և Մ համալսարանի և Ավստրիայի Վիեննայի համալսարանի Կարիերայի կենտրոններում և ծանոթացել են աշխատանքի որոնման տեխնիկայի և կարիերայի վերաբերյալ խորհրդատվության գործընթացներին ու ստացված գիտելքիները կիրառում են գործնականում: Իր գործունեության ընթացքում ԱՏԽԲ կազմակերպել է ավելի քան 60 սեմինար-հանդիպում, որոնց մասնակցել է 1500-ից ավելի ուսանող և շրջանավարտ: Սեմինարները վարել են խորհրդատվական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, հանրապետության առաջատար ընկերությունների մասնագետներ, որոնք մասնակիցների հետ քննարկել են ինքնակենսագրական փաստաթղթերի լրացման ձևերը, աշխատանքային հարցազրույցների վարման կարգը, տարբեր ոլորտներում ժամանակակից մոտեցումները և աշխատակիցներին ներկայացվող պահանջները, հետբուհական կրթության հնարավորությունները և այլն:

  Աշխատանքի տեղավորման բաժնում անհատապես աշխատում են յուրաքանչյուր ուսանողի կամ շրջանավարտի հետ: Օգտագործվում է եղած կամ հնարավոր շահառուների հետ անմիջականորեն աշխատելու յուրաքանչյուր հնարավորություն: Ամսական շուրջ 100 ուսանող կենտրոնում ստանում է խորհրդատվություն, և այժմ ավելի քան 500 ուսանող և շրջանավարտ աշխատանք է գտել կենտրոնի օգնության շնորհիվ:
Այս առումով, ՀԱԱՀ-ի ղեկավարությունը կարևորում է կրթական ցուցահանդեսները և աշխատանքային տոնավաճառները` որպես ուսանողական կազմի համալրման գործիքներ: ԱՏԽԲ մասնակցում է հանրապետությունում կազմակերպվող բոլոր կրթական ցուցահանդեսներին, կազմակերպել և անցկացրել է ամենամյա 10 աշխատանքային տոնավաճառ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում են ավելի քան 30 գործատու կազմակերպություններ: