Ռեզյումե կազմելու ուղեցույց

 

Nanny-Interview-Questions1

Ինքնակենսագրականը «Գովազդային գործիք» է, որտեղ ուրվագծվում են Ձեր հմտությունները և փորձը, որի միջոցով գործատուն կարող է մեկ հայացքով հասկանալ, թե որքանով կարող եք օգտակար լինել իր ընկերության համար: Ինքնակենսագրականի միջոցով ըստ էության փորձ է արվում ստանալ հարցազրույցի հնարավորություն, սակայն հազվադեպ դեպքերում է, որ ինքնակենսագրականն ինքնին կարող է ապահովել միանգամից աշխատանքի հրավերի առաջարկություն:

Շատերը կարծում են, թե ինքնակենսագրականը պահանջվում է միայն գրասենյակային աշխատանքների համար: Ճիշտ հակառակը` անընդհատ փոփոխությունների ենթարկվող ներկայիս աշխատաշուկայի պայմաններում բոլորը, այդ թվում նաև սևագործ բանվորները, պետք է ունենան այն:

Ինքնակենսագրականի (ռեզյումեի) տեսակներն են.
Ժամանակագրական

• Կենտրոնացված է աշխատանքային ստաժի վրա` սկսելով ամենավերջին աշխատանքից,

• Գործատուների համար հեշտ է լինում տեսնել Ձեր աշխատանքային կենսագրությունը և կարիերայի առաջընթացը:
Ֆունկցիոնալ
• Կենտրոնացված է փորձի, հմտությունների վրա, որոնք խմբավորվում են ըստ գործառույթների,
• Հաճախ օգտագործվում է ոլորտը փոխելու կամ աշխատանքային ստաժի ընդհատումների դեպքում:
Համակցված
• Ժամանակագրական և ֆունկցիոնալ ռեզյումեների ֆորմատների համակցում

• Ընդգծում է հմտությունները և ապահովում աշխատանքային ստաժի ժամանակագրությունը, ինչը նախընտրելի է որոշ գործատուների համար:
Նպատակային
• Հարմարեցվում է կոնկրետ աշխատատեղի պահանջներին
• Գրվում է հատուկ գործատուի պահանջներին համապատասխան

• Աշխատանքի նպատակի ձևակերպումը կարևոր է և պետք է կոնկրետ առնչություն ունենա թափուր աշխատատեղի հետ:
Ինքնակենսագրական կազմելու ուղեցույց

1. Ձեր ինքնակենսագրականը գրեք այնպես, որ գործատուին ցույց տաք հետևյալը.

• նախկինում ունեցած ձեր պարտականությունների ծավալը և տեսակը,
• այն արդյունքները, որոնց հասել եք,
• ձեր նախկին պարտականությունների և նվաճումների առնչությունը տվյալ գործին:

2. Թվարկեք ձեր նվաճումները (կատարած և ավարտին հասցրած աշխատանքը) և այն, թե ինչպես եք լուծում պրոբլեմները, այլ ոչ թե պարզապես պարտականությունները: Այլ կերպ ասած, բացատրեք, թե ինչպես եք բարձրացրել գործառնությունների արդյունավետությունը, որքան եք գումարներ խնայել կամ գոյացրել դրանք, ձեր ծառայություններից կամ ապրանքներից օգտված մարդկանց քանակը և այլն: Այս ամենը գրեք այնպիսի արտահայտություններով, որոնք նշում են պրոբլեմը, ընդգծում լուծումը և նկարագրում արդյունքները:

3.Հնարավորության դեպքում օգտագործեք վիճակագրական տվյալներ կամ թվեր, որպեսզի ցույց տաք Ձեր կատարածի արդյունքները (օրինակ` կազմակերպության չափը, ձեր ղեկավարությամբ աշխատող մարդկանց քանակը, Ձեր ենթակայությամբ նրանց աշխատելու ժամանակահատվածը, բյուջեի չափը, գոյացրած գումարի չափը և այլն):

4.Ինքներդ գրեք ձեր ինքնակենսագրականը: Որքան կարող եք շատ խորհուրդներ հարցրեք, բայց քանի որ դուք մենակ եք լինելու հարցազրույցի ժամանակ, ապա ամենալավ հեղինակը կարող եք լինել միայն դուք: Եթե որևէ մեկը Ձեզ օգնում է ինքնակենսագրական գրելիս, ապա սերտորեն աշխատեք նրա հետ, որպեսզի համոզվեք, որ ինքնակենսագրականը արտահայտում է Ձեր անհատականությունն ու փորձը:

5.Հետևեք, որ ինքնակենսագրականը լինի հակիրճ, հստակ և հեշտ կարդացվող: Ձեր ասելիքն արտահայտելու համար օգտագործեք նվազագույն քանակով բառեր: Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր ամեն մի բառը:

6.Աշխատանքի և նվաճումների նկարագրություններում եղեք կոնկրետ, որևէ բան մի թողեք կարդացողի երևակայությանը:

7.Հանգամանորեն ընտրեք ընդգրկվող տեղեկությունները: Ընտրեք միայն այն տեղեկությունները, որոնք առնչվում են ձեր հավակնած աշխատանքին:

8.Ընդգրկեք այն կամավորական փորձը, որն առչվում է Ձեր հավակնած աշխատատեղին: Բացի դրանից, ընդգրկեք նաև տեղեկություններ ճանապարհորդությունների (գործուղումների), լեզուների, հոբբիների, վկայականների մասին, եթե դրանք ինչ-ոչ կերպ կապված են ձեր ուզած աշխատանքի հետ:

9.Համադրեք Ձեր ինքնակենսագրականի (ռեզյումեի) ոճը ընկերության ոճին£ Խուսափեք թեթև տեսք հաղորդելուց, որը առաջարկում են ռեզյումեներ գրող շատ ծառայություններ: Տպեք ռեզյումեն ու կից նամակը բարձրակարգ, փաստաթղթերի համար նախատեսված, նմանատիպ ու նույն գույնի՝ սպիտակ կամ ոսկրագույն, թղթի վրա: Օգտագործեք ստանդարտ տառատեսակներ և սև թանաք:

10.Ցուցաբերեք ստեղծագործական մոտեցում, սակայն միշտ մնացեք պրոֆեսիոնալ:

11.Պահպանեք ձեր ինքնակենսագրականի էլեկտրոնային տարբերակը, որպեսզի հետագայում կարողանաք հեշտությամբ փոփոխություններ կատարել:

12.Արտահայտիչ կերպով նկարագրեք Ձեր աշխատանքային փորձը, սակայն միշտ ազնիվ եղեք: Երբեք մի գերագնահատեք կամ թերագնահտեք Ձեզ:

13.Կազմեք ինքնակենսագրականի մի քանի նախագծեր, այնուհետև հղկեք այնª թողնելով միայն ամենակարևոր ինֆորմացիան և տպելուց առաջ ներկայացրեք որևէ մեկի կարծիքին կամ քննադատությանը: Հնարավոր է, որ Ձեզ անհրաժեշտ լինի կազմել մի քանի տարբեր ինքնակենսագրականներ համապատասխանեցնելով դրանք կոնկրետ աշխատատեղերին:

14.Միշտ ինքնակենսագրականի հետ ուղարկեք ուղեկից նամակ:

15.Ռեզյումեում մի նշեք աշխատավարձի մասին:

16.Ձեր մասին գրելիս ամեն ինչ ներկայացրեք դրական լույսի ներքո. շեշտեք ձեր ուժեղ` այլ ոչ թե թույլ կողմերը:

17.Հետադարձ կապի միջոցով ձեր ընկերներից, բարեկամներից և հարցազրույց անցկացնողներից տեղեկացեք, թե ինչպիսի տպավորություն է թողնում ձեր ինքնակենսագրականը և անհրաժեշտության դեպքում կատարեք համապատասխան փոփոխություններ:

18.Ձեր ինքնակենսագրականը չպետք է երկու էջից ավել լինի: Սովորաբար մեկ էջը լրիվ բավարար է, հատկապես եթե ձեր աշխատանքային փորձը շատ սահմանափակ է:

19.Ինքնակենսագրականում ընդգրկեք նաև «Հատուկ հմտություններ» բաժինը, որտեղ կնշեք այն լեզուները, որոնցով կարող եք խոսել, կարդալ կամ գրել, այն համակարգչային տեխնիկան և ծրագրերը, որոնցով կարող եք աշխատել, և այն մեքենամեխանիզմները կամ սարքավորումները, որոնք կարող եք գործարկել, պատրաստել կամ վերանորոգել:

20.Ընդգծեք ձեր ստացած վկայագրերը (լիցենզիաները կամ սերտիֆիկատները), եթե դրանք առնչվում են ձեր հավակնած աշխատանքին: Դրանք կարող են ընդգրկվել ինչպես հիմնական որակավորումներում, այնպես էլ կրթության և ուսուցման բաժիններում:

21. Ձեր ինքնակենսագրականում հարկ չկա ներառել հետևյալ տեղեկությունները.
• ամուսնական կարգավիճակը,
• երեխաների անունները, տարիքը և քանակը,
• ամուսնու (կնոջ) աշխատանքը,
• ձեր տարիքը,
• ռասան,
• ձեր լուսանկարը,
• կրոնական կամ քաղաքական համոզմունքները,
• հասակը և մարմնի քաշը,
• նախորդ յուրաքանչյուր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձը:

image_previewՌեզյումեի օրինակ